Սիրելի բարեկամներ,

Ողջունում եմ Ձեզ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում։ Մեր նախարարության աշխատանքը բազմաճյուղ է և ուղղված մեկ գլխավոր նպատակի՝ ձևավորել գիտակ, ստեղծարար և նախաձեռնող քաղաքացի, ով իրեն գնահատված ու երջանիկ է զգում իր երկրում։

Մեր օրերում, երբ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է մեծ փոփոխությունների շեմին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի դերը վերարժևորվում է, քանի որ այս ոլորտների համագործակցության արդյունքում է ձևավորվում այն բովանդակությունը, որը նոր արժեհամակարգի հիմքն է դառնալու:

Կրթությունը պետք է լինի որակյալ և հասանելի բոլորին, մշակութային ժառանգությունն անհրաժեշտ է պահպանել և հանրահռչակել՝ միևնույն ժամանակ նպաստելով նոր արժեքների ստեղծմանը, սպորտի ոլորտում ունեցած հաջողությունները պետք է առողջ ապրելակերպի խթանման ուղենիշ դառնան բոլորի համար։ Սա է մեր տեսլականը, և այս ճանապարհին յուրաքանչյուր քաղաքացու ներդրումը կենսական է և անչափ ոգևորիչ։

Կարևորելով մեր բոլոր քաղաքացիների ներգրավվածությունը՝ առաջարկում եմ միասնաբար և համագործակցելով շարժվել փոփոխությունների այս դժվար ճանապարհով՝ ի շահ մեր երկրի զարգացման և բարօրության։

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար