Թատերարվեստի ոլորտում պետական քաղաքականության իրականացման հիմնական նպատակներն են՝

  • թատերական ոլորտի զարգացումը և որակապես բարձր արդյունքի ապահովումը,
  • ստեղծագործական գործունեության աջակցումը և խթանումը, դրամատիկ ստեղծագործությունների գնման համակարգի զարգացումը, պետական դրամաշնորհների համակարգի բարելավումը,
  • հյուրախաղային և թատերական փառատոների գործունեության զարգացումը,
  • միջազգային թատերական փառատոների մասնակցության աջակցումը,
  • միջազգային հարթակներում մասնագիտական կապերի ամրապնդումը,
  • միջազգային թատերական միտումների ուսումնասիրությունն ու համադրումը,
  • թատերական դաշտում առողջ մրցակցային պայմանների ստեղծումը,
  • դեբյուտային ծրագրերի աջակցումը, երիտասարդ ստեղծագործողներին «ազատ բեմահարթակի» տրամադրումը,
  • կառավարման, ղեկավարման համակարգի մշակումը, ներդրումը, կատարելագործումը, շենքային պայմանների բարելավումը, տեխնիկական միջոցների՝ լուսային և ձայնային սարքավորումների արդիականացումը,
  • ՊՈԱԿ-ների կառավարման մոդելի արդիականացումը,
  • կադրերի պատրաստման և վերապատրաստման համակարգի բարելավումը,
  • կազմակերպական և տնտեսական պայմանների ստեղծումը,
  • մայրաքաղաքների և համայնքների միջև ստեղծագործական համատեղ նախագծերի խրախուսումը,
  • թատերական ոլորտի մշտադիտարկումն ու տվյալների վերլուծությունը:

Հայաստանում գործում են շուրջ 50-ից ավելի թատերական կազմակերպություններ` պետական, համայնքային, քաղաքային իշխանության ենթակայությամբ գործող թատրոններ և անկախ թատերախմբեր:

Նախարարության տարեկան և միջնաժամկետ ծախսային ծրագրերով վերանորոգվում են թատրոնների շենքերն ու շինությունները, վերազինվում են ժամանակակից լուսաձայնային սարքավորումներով, աջակցություն է ցուցաբերվում թատերական կոլեկտիվների՝ միջազգային մրցույթների և փառատոների մասնակցությանը, ձեռք են բերվում ժամանակակից թատերագիրների ստեղծագործություններ, մշակվում և իրականացվում են թատերարվեստի զարգացմանը խթանող համալիր ծրագրեր։

Տասնյակ տարիներ ոլորտում իրականացվում են միջազգային փառատոներ` «Հայֆեստ», «Արմմոնո» մոնոներկայացումների, «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների, «Թատերական Լոռի», Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական և Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոները:

Թատերարվեստի ոլորտը կարգավորվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներով: 2007 թվականի դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հանրապետության թատրոնների համար կադրեր է պատրաստում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, որն ունի մասնաճյուղեր Վանաձորում, Գյումրիում և Գորիսում, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը: